ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փնտրողը կգտնի

Փնտրողը կգտնի
31.10.2017 | 10:16

Աշխատանք ունենալը, այն չկորցնելը կամ նորը գտնելը լուրջ խնդիր է ԱՄԷ-ում, որն աշխատանքի մեծ և բազմազգ շուկա է: Այստեղ բոլոր ոլորտներում լուրջ մրցակցություն կա: Բացի կրթությունից, մասնագիտական հմտություններից, անհրաժեշտ է ճիշտ հարաբերվել աշխատավայրում տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ: Ով աշխատանք ունի, հաջողություն նրան, իսկ ով չունի, պետք է կարճ ժամանակում լուծի խնդիրը, հակառակ դեպքում ստիպված կլինի վերադառնալ հայրենիք կամ մեկնել այլ երկիր: Ամուրիների և առանց ընտանիքի ապրողների համար ԱՄԷ-ում իրավիճակը հաղթահարելն ավելի հեշտ է, քան նրանց համար, ովքեր ընտանիք ունեն, մանկապարտեզում, դպրոցում կամ համալսարանում սովորող երեխաներ: Երբ ընտանիքի անդամներից մեկն է աշխատում, և ընտանիքի բոլոր անդամների կեցության թույլտվությունը կախված է նրանից, աշխատանքը կորցնելու դեպքում ողջ ընտանիքն է կանգնում փաստի առաջ (այս մասին մեկ այլ առիթով կխոսենք): Սրան հավելենք նաև աշխատանքը կորցնելու դեպքում ծագող ֆինանսական խնդիրները:


Մամուլը և բազմաթիվ աղբյուրներ նշում են, որ վերջին ամիսներին ԱՄԷ-ի որոշ ընկերություններում աշխատակիցների կրճատումներ են եղել, ինչը բացատրվում է աշխատանքի ծավալների նվազմամբ: Որքան էլ կրճատումներն արդարացված լինեն, միևնույն է, աշխատանքից հեռացված անձի հոգեվիճակը դրանից չի փոխվում: Նրա համար սկսվում է ամենադժվար՝ աշխատանք գտնելու փուլը, քանի որ պետք է տեղավորվել որոշակի ժամկետների մեջ: Իսկ որտե՞ղ և ինչպե՞ս փնտրել աշխատանք:
Իհարկե, նախ պետք է դիմել աշխատանքի տեղավորման կայքերի օգնությանը: ԱՄԷ-ին վերաբերող այդպիսի առաջատար կայքերը մոտավորապես 23-ն են, այդ թվում՝ jobs.abudhabi.ae, akhtaboot.com, beyond.com, uaejobmarket.com, efinancialcareers-gulf.com, gulftalent.com, internsme.com:

Դրանցից շատերը, բացի ԱՄԷ-ի ընկերություններից, համագործակցում են նաև Ծոցի այլ երկրների ընկերությունների հետ: Այս կայքերն աշխատանք են առաջարկում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում: Իսկ ինչպես օգտվել դրանցից: Սկզբում անհրաժեշտ է գրանցվել, կցվող ռեզյումեն պետք է լինի պրոֆեսիոնալ, ներկայանալի, որպեսզի առաջին մրցակցային փուլում գործատուն հազարավորների մեջ նկատի հենց այդ դիմորդին: Գրանցումը տևում է մի քանի րոպե, սակայն աշխատանքի առաջարկի սպասումը կարող է տևել ամիսներ: Ի դեպ, չմոռանանք, որ կայքերում առաջարկվող աշխատանքի հայտարարություններում, բացի անհրաժեշտ կրթությունից, փորձից, երբեմն նշված է լինում, թե ինչ ազգությամբ աշխատող է պահանջվում: Աշխատանքի տեղավորման կայքերը պարբերաբար մոնիթորինգի են ենթարկվում: Օրինակ, դրանով զբաղվող The Monster Employment Index-ը, պարզել է, որ 2017 թ. աշխատանքի հայտարարությունները կրճատվել են 35 %-ով: Նրանք նաև պարզել են, որ աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկ ունեցող անձինք այսօր գնումների ու մատակարարումների մասնագետներն են:


Անդրադառնանք աշխատանք գտնելու երկրորդ տարբերակին: Ձեր ռեզյումեով ստիպված եք անձամբ այցելել բոլոր հնարավոր ընկերություններ, ներկայանալ, թողնել ռեզյումեն և սպասել պատասխանի: Հաճախ ձեր տվյալները, այդպես էլ ուշադրության չարժանանալով, կմնան սեղանի անկյունում կամ աղբաման կնետվեն, բայց երբեմն կգտնվեն բարեխիղճ ադմինիստրատորներ, որոնք ոչ միայն կկարդան, այլև կփոխանցեն հասցեատիրոջը և նույնիսկ հետամուտ կլինեն, որ աշխատանքի տեղավորվեք: Սա կախված է նրանից, թե ինչպիսի տպավորություն կթողնեք:
Երրորդ տարբերակը, իհարկե, ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանք փնտրելն է: Եթե երկար տարիներ բնակվում եք ԱՄԷ-ում, ուրեմն ծանոթներ էլ կունենաք, և եթե նրանց հետ հնարավորինս ջերմ հարաբերություններ եք հաստատել, հնարավոր է հիշեն ձեր մասին, ինչ-որ մեկի հետ ծանոթացնեն և բարեխոսեն: Բարեխոսելը երբեմն կրթությունից ու աշխատանքային փորձից ավելի կարևոր է: Ասում են՝ փնտրողը կգտնի: Հույս ունենանք, որ բոլոր աշխատանք որոնողները կգտնեն հարմար տարբերակներ և կշարունակեն իրենց բարեկեցիկ կյանքն այս երկրում:


Ինչպես տեսաք, բնակչության հանգստի, վայելքի, կենսամակարդակի բարձրացման համար հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկող ԱՄԷ-ում էլ գործազրկության խնդիր կա, գուցե մյուս երկրներից պակաս: Ի դեպ, գործազուրկներ կան ոչ միայն օտարերկրացիների, այլև էմիրաթցիների շրջանում: Ի՞նչ առանձնահատկություն ունի վերջիններիս վերաբերող գործազրկությունը: Մինչև վերջերս էմիրաթցի շրջանավարտների զգալի մասը նախընտրում էր աշխատել պետական կառույցներում, որտեղ պայմաններն անհամեմատ լավ են՝ կարճ աշխատաժամանակ, բարձրորակ բժշկական սպասարկում, երկարատև հանգստյան օրեր, կին աշխատակիցներին տրվող արտոնություններ, ինչպես, օրինակ, հղիության և հետծննդյան շրջանի արձակուրդը: Սակայն նրանց մեջ էլ է մտածելակերպի և վերաբերմունքի փոփոխություն նկատվում, ուշադրություն են դարձնում նաև մասնավոր հատվածին: Պատճառներից մեկը կարիերայի դերի աճն է: Արագընթաց կարիերա, բնականաբար, ավելի հեշտ է կերտել մասնավոր ընկերություններում: Կա նաև հարցի մյուս կողմը. եթե նախկինում մասնավոր հատվածը հետաքրքրված էր առավելապես օտարերկրացի մասնագետներով, քանի որ նրանք հմտություններով և գիտելիքներով գերազանցում են, ապա այսօր ուշադրություն են դարձնում նաև տեղացի շնորհալի մասնագետներին: ԱՄԷ-ն գիտակցում է երկկողմանի համագործակցության կարևորությունը՝ բուհերը պետք է կարողանան ուսանողին նախապատրաստել մասնավոր հատվածում աշխատանքի, իսկ մասնավոր ընկերությունները նրանց ընդառաջեն՝ իրենց պայմանները փոքր-ինչ մոտեցնելով պետական կառույցներին, ինչպես նաև մեծացնելով աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունը:
ԱՄԷ-ն փորձում է գործազրկության մակարդակը հնարավորինս իջեցնել. 2017 թ. վերջին այն ենթադրաբար կհասնի 4,6 %-ի:


Գործազրկության մակարդակը նվազեցնելու գործում մեծ դեր ունեն նաև ստարտափերը՝ (նոր ստեղծված կազմակերպությունները), որոնք գտնվում են զարգացման փուլում և, բիզնես ստեղծելիս, հիմնվում են կա՛մ ինովացիոն գաղափարների, կա՛մ նորագույն տեխնոլոգիաների վրա: ԱՄԷ-ում ստարտափերի դերը չի կարելի թերագնահատել, երկրում կան հիսունից ավելի հաջողված օրինակներ՝ Careem, FetchrMumzworld, The Luxury Closet, SellAnyCar.com, Compareit4meSouqalmal.com, MoveSouq.com և այլն: Ստարտափի համար կարևոր է նպատակասլաց և բանիմաց թիմ ունենալը, տարածաշրջանի ստարտափերը երբեմն բողոքում են տեղական մասնագետների ոչ բավարար պատրաստվածությունից, այդ պատճառով հաճախ դիմում են դրսի ռեսուրսներին: Այս հանգամանքն ԱՄԷ-ն անուշադրության չի մատնում: Ստեղծում է հնարավորություններ, որ էմիրաթցի մասնագետները այսօրվա պահանջներին համարժեք կրթություն ստանան և մասնագիտական հմտություններ ձեռք բերեն: Միայն այսպես նրանք կկարողանան դիմանալ մրցակցությանը:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 20724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ